ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը պասիվ է»

«Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը պասիվ է»
25.07.2008 | 00:00

«ԱՅՍՕՐՎԱ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆ ՇԱՏԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՂՂԱԿԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԼԻՆԵԼ»
Ջավախահայության հիմնահարցերի շրջանակը Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք միշտ խնդրահարույց է եղել։ Լուծում պահանջող հարցերի շղթան սկսվում է մայրենի լեզվի պահպանումից մինչև ազգային փոքրամասնության նկատմամբ խտրականության վերացում։ Ջավախքի խնդիրների և դրանց նկատմամբ Հայաստանի նոր իշխանության մոտեցումների շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ։
-Պարոն Թորոսյան, Վրաստանի ՆԱՏՕ-ացման համատեքստում ծայր առած աբխազական ու հարավօսեթական առկա հակամարտությունները որքանո՞վ են անդրադառնում ջավախահայության խնդիրների վրա։
-Տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այդ ամենին կամաց-կամաց ներգրավվում են գերտերությունները, առաջին հերթին Ռուսաստանը, հետո էլ՝ Արևմուտքը։ Այս գործընթացներն ուղղակիորեն անդրադառնում են և՛ Հայաստանի, և՛ Ջավախքի վրա։ Այսօր Վրաստանն ունի լուրջ խնդիրներ իր ազգային փոքրամասնությունների հետ։ Եթե Աջարիայի հարցում խնդիրը լուծվեց ի նպաստ Վրաստանի, ապա Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեպքում դրությունը ծայրահեղորեն լրջացել է։ Այս հակամարտություններն ավելի աչքի ընկնող են, քան մյուս ազգային փոքրամասնությունների խնդիրները, հատկապես Ջավախքի և Քվեմոքարթլիի։ Իսկ այդ խնդիրներից առաջնային է ազգային արժեքների, իրավունքների, հուշարձանների և լեզվի պահպանումը։ Ստեղծված հակամարտությունների պատճառով Վրաստանը թուլանում է, և նրա առջև ծառանում են ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ ջավախահայության հետ առճակատումները։ Այսօր Ջավախքում մարդկանց վիճակը չափազանց վատ է։ Վարդերի հեղափոխությունից հետո Վրաստանը փորձում է եվրաինտեգրման ուղիով շարժվել, անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչի արդյունքում միջազգային որոշակի հեղինակություն է վայելում, ինչը, սակայն, բացասական ազդեցություն է ունենում Ջավախքի վրա։ Այդ երկրի վարկանիշի բարձրացումն ուղիղ համեմատական է ազգային փոքրամասնությունների դեմ ճնշումներ գործադրելուն։ Այսինքն, միջազգային ասպարեզում նա վարկի խնդիր չունի, ու ժամանակ է անհրաժեշտ, որ աշխարհը հասկանա, որ Վրաստանը ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Ջավախքում ամենախոցելին լեզվի հարցն է, որն առավել սրվեց, երբ Վրաստանը պահանջեց վրացերենի պարտադիր իմացություն։ Իհարկե, ընդունելի է այս պահանջը, բայց նրան տիրապետելու համար պայմաններ են անհրաժեշտ։ Այնինչ Ջավախքի 90 տոկոսը հայեր են և միմյանց հետ, բնականաբար, շփվում են հայերենով, իսկ հոգևոր-մշակութային կապն էլ Հայաստանի հետ է։ Պահանջում են վրացերենի տիրապետում ու նաև ասում՝ վրացերեն չգիտես, պաշտոն չես ստանա, իսկ տեղական պետական պաշտոնները կամաց-կամաց վրացիացվում են։ Եթե իսկապես ցանկանում են, որ ջավախահայությունը վրացերեն իմանա, ապա պետք է առաջնահերթ կերպով հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տրվի։ Խնդրի լուծմանը կնպաստի նաև Ջավախքում հայ-վրացական բուհի կառուցումը, ինչն առանց պատճառաբանությունների Վրաստանի կառավարությունը մերժում է։ Եթե ջավախահայությունը չգիտի վրացերեն, ապա դա իր մեղքով չէ։
-Բացի լեզվի պահպանությունից՝ ուրիշ ի՞նչ առաջնային լուծում պահանջող խնդիրներ ունի Ջավախքը, և Հայաստանի նոր իշխանությունների մոտեցումները դրանց կարգավորման գործում Ձեզ գոհացնո՞ւմ են։
-Այսօր Վրաստանը նաև ցանկանում է այդ տարածաշրջանը հայաթափել։ Այս ենթատեքստում պետք է հիշատակել չարաբաստիկ քրեակատարողական հիմնարկի՝ բանտի կառուցումը, որի դեմ ընդվզեց ջավախահայությունը։ Բարեբախտաբար, շինարարական աշխատանքները դադարեցվեցին։ Սա կեղտոտ, մտածված քայլ էր, որը նպաստելու էր հայաթափման գործընթացին։ Բացի լեզվից, հաջորդ վտանգավոր խնդիրը Վրաստանի իշխանությունների վարած այն քաղաքականությունն է, որն այսօր միտված է ժողովրդագրական կազմի փոփոխմանը։
Հայաստանի իշխանության ջանքերն այս առումով ես այնքան էլ բավարար չեմ համարում, որովհետև մեր իշխանություններն ավելին պետք է անեն, քան հիմա։ Այնպես չէ, որ ոչինչ չի արվում։ Գումարներ են տրամադրվում դպրոցաշինությանը, ջավախահայությունը պետպատվերի շրջանակում հնարավորություն ունի բուժում ստանալու Հայաստանում, դպրոցական դասագրքեր, գույք է ուղարկվում։ Բայց այլ ոլորտներում դեռևս շատ անելիքներ կան։ Նախ մաքսայինում. չնայած ուղևորներից և ապրանքափոխադրումների համար այլևս գումար չի գանձվում, բայց սահմանին մաքսային խստացումներ են իրականացվում, ինչի պատճառով Բավրայի մաքսակետում միշտ կուտակումներ են լինում։
-Նմանատիպ հարցերի լուծման ձգձգումն ավելի շատ Հայաստանի՞, թե՞ Վրաստանի մեղքով է։
-Բաներ կան, որոնք պետք է օգնեն Ջավախքի խնդիրներին։ Համոզված եմ՝ Ջավախքը միակ օղակն է, որը բարելավում է հայ-վրացական հարաբերությունները։ Ջավախքը Հայաստանի համար բանալի է։ Մենք արտաքին աշխարհի հետ ունենք միայն Վրաստանի ճանապարհը։ Ոչ թե պետք է կրավորական դիրք բռնենք ու թողնենք, որ Ջավախքի հերն անիծեն, այլ այն ուժեղացնենք, չփոշիացնելով տեղի ժողովրդին՝ մի մասը Հայաստան, մյուսը՝ Ռուսաստան ուղարկելով։ Մի նկատառում ևս. ջավախահայությանը սփյուռք չի կարելի դիտարկել, ինչպես ֆրանսահայերին, թիֆլիսահայերին։ Դժգոհություն ունեմ նաև այն առումով, որ ստեղծվող սփյուռքի նախարարությունում միտում կա Ջավախքով զբաղվող պետական կառույցը ներգրավել՝ բաժնի կարգավիճակով։ Սա նշանակում է, որ Հայաստանն անուշադրության է մատնում Ջավախքը։
-Գլոբալ առումով Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը որոշակի ազդեցություն ունի՞ Ջավախքի վրա։
-Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությունը պասիվ է, որն արդեն իսկ բացասաբար է ազդում Ջավախքի վրա։ Այսօր Վրաստանը, խնդիրներ ունենալով ազգային փոքրամասնությունների հետ, չի կարող անդամակցել եվրակառույցներին։ Այս հանգամանքից մենք պետք է օգտվենք, և մեր պետությունը նույն այդ կառույցներում պետք է բարձրաձայնի այս խնդիրները։ Մինչև այդ հարցերը, դժգոհությունները չլուծվեն, Վրաստանը չի կարող դառնալ միջազգային կառույցների անդամ։ Մենք չենք ուզում օգտվել սրանից։ Մեր արտաքին քաղաքականությունն այս հարցում պետք է նպատակաուղղված լինի։
-Վրաստանի խորհրդարանում արդեն երեք հայ պատգամավոր կա։ Նրանք չե՞ն փորձում ինչ-որ չափով թեթևացնել Ջավախքի հոգսերը։
-Բոլոր ժամանակներում էլ Վրաստանի խորհրդարանի մանդատ ստացած պատգամավորները չեն կարողացել օգտակար լինել, որովհետև վրացական ընտրակարգն այնպիսին է, որ այնտեղ նրանք տանում են նրանց, ում ցանկանում են։
-Ձեր թվարկած հիմնախնդիրներին գումարենք ռուս-վրացական ծայրաստիճան լարված հարաբերությունները և փորձենք ճշտել, թե այս համատեքստում ինչպիսի՞ խնդիրների առաջ է կանգնած ջավախահայությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Ջավախքի գերակշիռ հատվածն իր առտնին հոգսերը լուծում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով։
-Ռուս-վրացական լարված հարաբերությունների պատճառով Ռուսաստանը փակել է Վրաստանի քաղաքացիների մուտքն իր երկիր, վիզա չի տրամադրում։ Ջավախահայությունն իր հանապազօրյա հացը վաստակում էր Ռուսաստան արտագնա աշխատանքով, իսկ հիմա մարդիկ շվարած են։ Տեղում արտադրությունը զարգացնել շահավետ չէ, իսկ արտագնա աշխատանքի թույլտվություն չունեն, ստիպված գալիս են Հայաստան։ Ով կարողացավ այստեղ հիմնավորվել, հիմնավորվում է, իսկ մյուսները գնում են ՈՒկրաինա, Բելառուս և այլ երկրներ։ Այս լարվածությունը կտրուկ ազդեցություն է ունեցել ջավախահայության կենսամակարդակի վրա։
-Վրաստանից ոչ պակաս լարված քաղաքական վիճակում է Հայաստանը, հատկապես ներքաղաքական հարթությունում։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Հայաստանի ներքաղաքական զարգացումների առնչությամբ։
-Շատ մտահոգիչ է։ Ինչ որ կատարվում է, պետք է արագ, նպատակամղված լինի։ Պետք է իշխանություններն այնպիսի քայլեր կատարեն, որ հասարակության վստահությունը շահեն։ Եթե վստահություն, օբյեկտիվություն չկա, ապա ճգնաժամն օրեցօր սրվելու է։ Այսօրվա կալանավորվածների մեջ կան շատերը, որոնք ուղղակի չեն կարող հանցագործ լինել։ Մեղադրանքների առաջադրումը, քննչական, դատական գործընթացները հնարավորինս պետք է արագ կատարվեն։
-Անդրադառնանք նաև վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպին։ Ի՞նչ նոր մանրամասներ են Ձեզ հայտնի, Ձեր կարծիքով դա ո՞ւմ է ձեռնտու։
-Այսօր որոշակի ոչինչ չենք կարող ասել, քանի որ պաշտոնական որևէ մեկնաբանություն չկա, չնայած շրջանառվում են տարբեր վարկածներ։ Այժմ առավել կարևոր է վերլուծել, թե ով է այս ամենը կազմակերպել։ Շատ վերլուծաբաններ կարծում են, թե սա սադրանք է, որը կազմակերպվել է տեղի ազգային ուժերի դեմ ճնշումներ գործադրելու նպատակով։ Եթե քննություն ընթանա, և մեղավորները, սպանություն կատարողները հայտնաբերվեն, այդ պարագայում, հավանաբար, որոշ կասկածներ կփարատվեն։ Սակայն այս պահին դժվար է որևէ դիրքորոշում արտահայտել, քանի որ ոչ մի պաշտոնական վարկած տեղի իշխանությունների կողմից չի ներկայացվել։
-Այժմ ի՞նչ տրամադրություն է տիրում Ջավախքում։
-Բնակչության տրամադրությունը կայուն է, խառնաշփոթություն չկա։ Պարզապես ընդհանուր մտահոգություններ, անհանգստություններ կան, քանի որ երիտասարդ մարդիկ են զոհվել։ Մարդիկ ցանկանում են իմանալ՝ ինչի՞ համար, ովքե՞ր են իրականացնողները, ո՞վ է այս ամենի հետևում կանգնած։ Ջավախահայությունը սպասում է այս հարցերի պարզաբանմանը։
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6062

Մեկնաբանություններ